«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Քանդակագործությունը պարզ նմանակում, պատճենահանում չէ»

«Քանդակագործությունը պարզ նմանակում, պատճենահանում չէ»
06.02.2009 | 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԷԼ ԳԼՈՒԽ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ»
Անցած ստեղծագործական ճանապարհի, քանդակագործներին մտահոգող խնդիրների, քաղաքականության ու այլ հարցերի շուրջ իր մտորումներն է փոխանցում քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ
-Ինչպե՞ս դարձաք քանդակագործ, պարոն Թոքմաջյան:
-Սկսեմ նրանից, որ հայրս եղել է ղարսեցի Թոքմաջենց Նիկոլի տղան: Ներկարար էր, նախշքար էին ասում: Հորեղբորս տղան` Տիգրան Թոքմաջյանը, նույնպես նկարիչ էր: Այսինքն, մեր գեներից է գալիս կապվածությունն արվեստին` նկարչությանն ու քանդակագործությանը: Երբ 8-րդ դասարանում գործերս տարա Թերլեմեզյանի անվան ուսումնարան, քանդակագործ դառնալու ոչ մի մտադրություն չունեի, որովհետև ես նկարում էի, քանդակն ինձ խորթ էր: Քննություններս հանձնեցի, նկարիչների ցուցակում անունս չգտնելով, հիշում եմ, լացով գնացի տուն: Մայրս ձեռքիցս բռնեց, տարավ ուսումնարան ու բանից պարզվեց` մասնագետները գտել էին, որ իմ նկարների մեջ քանդակային ու ծավալային բան կա, և ինձ խորհուրդ տվեցին գնալ քանդակի ֆակուլտետ: Այսպես, կարծես բախտի քմահաճությամբ, սկսեցի զբաղվել քանդակագործությամբ։ Առաջին ուսուցիչս Ադիբեկ Գրիգորյանն էր, ով, ճիշտ է, փայլուն քանդակագործ չէր, բայց որպես մանկավարժ շատ-շատ բան սովորեցրեց ինձ: 1957-ին ավարտեցի ուսումնարանն ու ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Այստեղ իմ ուսուցիչներն էին պրոֆեսորներ Արա Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը, բայց ինձ նկատել էր նաև Երվանդ Քոչարը, որն ինստիտուտում թեև չէր դասավանդում, սակայն եղավ ինձ համար անուղղակի ուսուցիչ: Նրա հույսերը պարտավոր էի արդարացնել, քանզի մեծ սպասելիքներ ուներ ինձանից: Նա միշտ ինձ հորդորում էր գնալ Փարիզ, ասում էր, որ իմ անելիքն այնտեղ է, և որ Փարիզն արվեստի բնօրրանն է: Ես չգնացի, մնացի այստեղ, և եթե իմ գործերով բնորոշելու լինեն ինձ, կարծում եմ, տեսանելի կլինի իմ համեստ լուման հայ քանդակագործության մեջ:
-Անձամբ Դուք Ձեր ո՞ր գործերն եք առավել գնահատում։
-Առաջինը Մարտիրոս Սարյանի մարմարե հուշարձանն է, որի համար հայտարարված մրցույթում ես և ճարտարապետ Արթուր Թարխանյանը շահեցինք արձանը պատրաստելու իրավունքը: Հետո Կարաբալայի արձանը քանդակեցի, որի կերպարում մի քիչ էլ հորս դիմանկարը կա, քանի որ նրանք մտերիմներ էին և հաճախ էին իրար հետ «Կովկաս» ռեստորանում մի-մի բաժակ գինի խմում: Հետագայում ինձ համար սիրելի աշխատանքներից դարձավ նաև կրկեսի դիմաց կանգնեցված Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Ինձ, իհարկե, քննադատում են, որ կերպարը նման չէ իրեն, և որ շատ նիհար եմ քանդակել, բայց ես նրան այդպես եմ հիշում: Այնուհետև Էրեբունիում դրվեց Արգիշտի արքայի, Աջափնյակում` Սողոմոն Թեհլերյանի քանդակը, վերջին շրջանում կանգնեցվեց Գևորգ Չավուշի արձանը: Ղարաբաղում ունեմ շատ գործեր. Մոնթե Մելքոնյան` Մարտակերտի շրջանում, Ստեփանակերտում` գեներալ Քրիստափոր Իվանյան և այլն: Շատ քանդակներ ունեմ նաև աշխարհի տարբեր վայրերում, Ղրիմում` Այվազովսկի եղբայրներ, Կանադայում և այլուր:
-Ձեր թեմատիկայում ի՞նչը կարելի է առանձնացնել, կարծես գերակշռում է պատմականը:
-Այո: Ես պատահական ոչինչ չեմ արել: Միշտ աշխատել եմ հասու լինել պատմական ու հերոսական թեմաներին: Արդեն հինգերորդ տարին է, ինչ աշխատում եմ տասներկու կերպարների վրա, որոնք 1915-ի եղեռնին զոհ դարձած մտավորականներ են` Սիամանթո, Դանիել Վարուժան, Կոմիտաս, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ, Երուխան, Տիրան Չրաքյան և այլք:
-Ձեր աշխատանքներն ավելի շատ պատվերնե՞ր են, թե՞ սեփական մտահղացումներ:
-Հիմնականում իմ նախաձեռնություններն են, որոնց ես հասել եմ շատ մեծ դժվարությամբ, պայքարել եմ, լուրջ պատնեշներ հաղթահարել` քաղաքապետարան, թաղապետարան: Մի մասը մրցույթով շահած պետպատվերով աշխատանքներ են, մի մասն էլ` անհատ պատվիրատուների համար արված գործեր: Չնայած, բոլոր դեպքերում, եթե լավ գործ ես ստեղծում, ուրեմն դա ներշնչանքի, ինքնամոռացության ու նվիրումի արդյունք է:
-Դուք ստեղծագործողների ավագ սերնդի ներկայացուցիչ եք, նախորդ դարի 60-ականներից սկսել եք ստեղծագործել և հիմա էլ շարունակում եք: Ինչպիսի՞ն էր Ձեր սերնդի հայացքն արվեստին, մասնավորապես` քանդակագործությանը:
-Իրոք, երբ խորհրդային շրջանում էինք ապրում, սոցիալիզմն ուներ կոմունիստական իր գաղափարախոսությունը, որն արվեստում հետևյալ կերպ էր դրսևորվում. դու պետք է կյանքից վերցնեիր թեմաներ ու հարազատ մնայիր կյանքին, լինեիր ձևով` ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական: Մեր սերունդը դեռ 60-ականներին հասկացավ, որ արվեստը միայն այդպիսին չի կարող լինել։ Արվեստը ձևով` ազգային, հոգով` ազգային, բայց բովանդակությամբ պետք է ազատ լինի: Քանդակագործությունը պարզ նմանակում, պատճենահանում չէ, այլ ազատ մտքի, ազատ հոգու արտահայտություն: Ես այն երջանիկներից եմ, որ ապրեցի երկու հասարակարգերում և երկուսում էլ կարողացա պահել արդիականության շունչը: Դեռ Եղիշե Չարենցն է ասել. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Իհարկե, արվեստագետը չի կարող միանգամից շուռ գալ և ասել` հիմիկվա պահանջներն ուրիշ են, և ես պետք է փոխվեմ: Այդպես չի լինում: Հոգուդ մեջ ինչ կա` կա:
-Իսկ ինչպիսի՞ն է մեր օրերի «շունչը», ժամանակակից մշակույթ ասվածն ի՞նչ տեսքով է «ներխուժել» քանդակագործության մեջ:
-Շփումը երիտասարդների հետ` Հայաստանում և դրսում, ինձ հուշում է, որ այսօրվա քանդակագործությունն այլ ուղղությամբ է գնում: Նրանք շատ անգամ մերժում են բովանդակությունը` տեղ տալով ձևին: Սակայն ես հիմա դրան ավելի ազատ եմ նայում: Իմ երկու տղաներն էլ են քանդակագործ, և ես ոչ մի կերպ չեմ միջամտում նրանց ստեղծագործական աշխատանքի ընթացքին, չնայած շատ բաներ ինձ դուր չեն գալիս, բայց երբ տեսնում եմ, որ նրանք հրավիրվում են միջազգային սիմպոզիումների և մրցանակներ շահում, մտածում եմ, որ առհասարակ պահանջն է այդպիսին: Մի կողմից էլ այսօր, խոստովանենք, ապրելու խնդիր կա:
-Ո՞րն է Հայաստանում կոնկրետ պահանջարկն այսօր քանդակագործության բնագավառում:
-Եկեք Հայաստանը չափանիշ չդարձնենք, որովհետև Հայաստանում այսօր ամեն ինչ այնքան խառնիխուռն է, որ չգիտես` կա՞ պահանջ, թե՞ չկա: Չգիտես, առհասարակ արվեստի նկատմամբ հետաքրքրություն կա՞, թե ոչ: Հիմա միջակություններն ավելի շատ են: Ես միշտ հիշում եմ Երվանդ Քոչարի այն խոսքերը, որ իսկական արվեստագետն ու իսկական արվեստի գործը ստեղծվում են հոգու, մտքի և մեծ վարպետության շնորհիվ, և եթե դրանցից մեկն ու մեկը պակաս է, ապա թերի է լինում ամբողջը:
-Անդրադառնանք ստեղծագործական միություններում սովորական դարձած խժդժություններին, տվյալ պարագայում` նկարիչների միությանը, որին անդամակցում եք նաև Դուք: Ի վերջո, սա ի՞նչ պայքար է` գաղափարակա՞ն, թե՞…
-Իհարկե, ցավալի է էս ամեն ինչը: Նախ` սկսենք նրանից, որ բարձրարժեք արվեստն առանց տնտեսական բազայի չի կարող գոյատևել: Ոչ վաղ անցյալում Հայաստանը տոննաներով պղինձ ու մոլիբդեն էր արտահանում: Ո՞Ւր կորան դրանք, չգիտես: Այս տնտեսական վիճակն էլ խարխլեց ստեղծագործական միությունների հիմքերը: Չմոռանանք, որ դրանք ստեղծվեցին, որպեսզի նկարիչներին, գրողներին, կոմպոզիտորներին նախ ապահովեն արվեստանոցներով, ցուցահանդեսներում գնումներ կազմակերպելով, շրջագայությունների ուղարկելով: Այսինքն` պետությունը ստեղծագործողին տիրություն էր անում: Այսօր քանդվեց ամեն ինչ: Պատկերավոր ասած, մեր համագումարի նախօրյակին բոլորս նույն բանն էինք ասում, որ առաջ կար մեղրով լի կարաս, մեղրը կերան, պրծավ, մնաց դատարկ կարասը: Հիմա էլ այդ դատարկ կարասի շուրջ է կռիվ գնում: Ի՞նչ ունի այսօր նկարիչների միությունը` երկու դահլիճ ցուցադրության համար և երկու հանգստյան տուն: Ամբողջ կռիվը գնում է այս ամենի համար: Ո՞Ւր էր, թե կռիվը գնար գաղափարական հողի վրա: Առաջ կար, չէ՞, այդ հողը. քեզ էին քննադատում, դու էիր քննադատում, սրտանց նեղվում էիր, բայց հոգու խորքում մտածում էիր, որ գուցե ճիշտ է այս քննադատությունը, և մյուս ցուցահանդեսին աշխատում էիր ավելի ակտիվ երևալ: Այս ամենն այժմ չկա:
-Եվ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ դերակատարություն ունեք Դուք այս շփոթում, նաև` ինչպիսի՞ դիրքորոշում նկարիչների միության գործող նախագահի նկատմամբ, գուցե Դո՞ւք էլ դեմ եք, որ նա շարունակի պաշտոնավարել:
-Ես չեզոք եմ եղել և հիմա էլ չեզոք եմ, որովհետև կարծում եմ, որ դա անիմաստ պայքար է: Չեմ հասկանում` ինչո՞ւ են գլուխ ջարդում նախագահ դառնալու համար։ Պե՞տք է ընդհանրապես միություն պահել: Եթե միության գործունեությունը միայն դահլիճներ տրամադրելով է սահմանափակվում, կարելի է ղեկավար վարչություն ունենալ միայն: Ի վերջո, ի՞նչ է նշանակում միություն։ Նշանակում է մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում, իրար հետ շփվում են, քննարկումներ անցկացնում, հանդիպումներ կազմակերպում: Իսկ մենք ամիսներով, տարիներով նույնիսկ իրար երես չենք տեսնում: Շա՜տ տխուր վիճակ է:
-Չե՞ք կարծում, որ նույն տխուր վիճակն է նաև քաղաքական «միություններում»։
-Կարծում եմ` քաղաքականությունից քաղաքական գործիչներն էլ գլուխ չեն հանում: Այսօր քաղաքականության մեջ առաջին պլան է մղվել շահը: Առաջ էլ դա կար, բայց ո՛չ էս չափի ու էս աստիճանի։ Իսկ արվեստագետն իր էությամբ պետք է լինի ընդդիմադիր, ըմբոստ: Չպետք է հաշտվի հիվանդ իրականության հետ: Չէ, լավ ժամանակներում չենք ապրում, գոնե ես, որպես արվեստագետ, այդպես եմ զգում:
-Իսկ լավատե՞ս է Լևոն Թոքմաջյանն ընդհանրապես:
-Իհարկե, լավատես եմ: Հակառակ դեպքում չէի կարողանա այլևս ստեղծագործել: Երևի մենք չտեսնենք, բայց կգա մի ժամանակ, որ իշխանությունները կմտածեն` հերի՛ք մեր գրպանները լցնենք, մի քիչ էլ ժողովրդի մասին է մտածել պետք: Վստահ եմ` գալու է այդ ժամանակը:
Զրուցեց Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6691

Մեկնաբանություններ